Ինչպե՞ս և ե՞րբ մարդկությունը որոշեց արհեստական սառույց ստանալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկայում առկա է կենցաղային տարբեր սարքերի և սարքավորումների հսկայական բազմազանություն, որը մեծապես հեշտացնում է մարդու կյանքը: Այդպիսի սարքերից է սառույց պատրաստող սարքը՝ սառցեգեներատորը: Դա հատուկ սարք է, որը նախատեսված է արհեստական սառույց պատրաստելու համար։ Ներկայում այն բավականին տարածված է, քանի որ սառույցը ակտիվորեն օգտագործվում է խմիչքներ պատրաստելու կամ սննդամթերք սառեցնելու համար։ Աշխարհի առաջին սառցագեներատորը հանրությանը ցուցադրվել է 1850 թվականին ամերիկացի բժիշկ Ջոն Գորիի կողմից։ Արհեստական սառույց ստանալու համար գյուտարարը կիրառել էր սեղմման ցիկլի տեխնոլոգիան, որն այսօր էլ լայնորեն կիրառվում է սառնարաններում։ Սառցագեներատորը կարող էր միաժամանակ ծառայել և՛ որպես սառցարան սննդային սառույց ստանալու համար, և՛ որպես օդորակիչ:

Նման լուծումը արդյունավետ էր, բայց ծախսատար: Ցավոք, Ջոն Գորրին մահացել է նախքան իր սարքի արտադրությունն սկսելը։ Սկզբում սառցագեներատորների զանգվածային արտադրությունը տնտեսապես շահավետ չէր, քանի որ առկա էր բարձր մրցակցություն բնական սառույց վաճառողների կողմից։ Բայց աստիճանաբար քաղաքների արագ աճի և սառցի բնական աղբյուրների աղտոտվածության պատճառով արհեստական սառույցի պահանջարկը սկսեց աճել։ Ներդրողներն այլևս չէին վախենում ներդրումներ կատարել նման խոստումնալից արտադրության մեջ, ինչը նրանց մեծ շահույթ էր խոստանում։ Այսպիսով, արդեն 1851 թվականին արհեստական սառույցի գինը մեկ տոննայի համար կազմում էր 75 դոլար, իսկ դրա ինքնարժարժեքը ընդամենը 2,5 դոլար էր։ Տարբեր տեսակի սառցագեներատորների աշխատանքի սկզբունքը նույնն է: Նախ՝ մաքուր ջուրը ճնշման տակ մտնում է գոլորշացնող սարք, որտեղ սառչում է, ապա բարձր ջերմաստիճանի գոլորշու ազդեցության տակ սառած խորանարդներն ու կտորները թափվում են ներքև:

Այդ գործընթացում արտադրված սառույցը պահվում է հատուկ սառույցի պահեստավորման բունկերներում: Բունկերի վրա կա ցուցիչ, որի վրա կարելի է տեսնել, թե որքան սառույց կա այնտեղ։ Երբ բունկերը լցվում է, սառցագեներատորի աշխատանքը որոշ ժամանակով դադարում է, իսկ երբ սառույցի քանակը նվազում է, սարքի աշխատանքը վերականգնվում է։ Սառցագեներատորները՝ և՛ արդյունաբերական, և՛ կենցաղային, ունեն ջրային կամ օդային սառեցում, ջուրը կարող է լցվել ինչպես կենտրոնացված կերպով, այնպես էլ տարայի միջոցով: Բունկերները, որտեղ սառույցը պետք է պահվի, կարող են լինել ինչպես ինքնավար, այնպես էլ ներկառուցված: Սարքերը կարող են դրվել ինչպես սեղանի վրա, այնպես էլ հատակին: Հատակին դրվող տեխնիկան առավել հաճախ օգտագործվում է խոշոր սննդի արդյունաբերություններում: Դրանք բնութագրվում են կեղտից ջուրը մաքրելու ֆիլտրի և ջրամատակարարման, կոյուղու միացման առկայությամբ: Սեղանի սառցագեներատորները չեն պահանջում զտիչ կամ որևէ կապ ջրամատակարարման և կոյուղու հետ: Դրանք ավելի փոքր են, քան արդյունաբերական մոդելները: Նրանք օգտագործվում են սննդի փոքր ձեռնարկություններում, քանի որ հեշտությամբ տեղավորվում են խոհանոցի սեղանին:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ