Բուժման նպատակով օգտագործում են եղինջի տերևները, ծաղիկներն ու արմատը։ Չոր հումքի պահպանման ժամկետը 2 տարի է։ Եղինջը՝ որպես դեղաբույս, հնուց ի վեր հայտնի է մարդկությանը։ Բույսի տերևներն ու սերմերն օգտագործել են գլխուղեղի ախտահարումների, քթային արյունահոսության, ատամների հիվանդության, բրոնխային ասթմայի և շնչուղիների բորբոքումների ժամանակ՝ հաճախ զուգակցելով մեղրի և որոշ դեղաբույսերի հետ։
Օգտագործվել է նաև բորբոքային ուռուցքները, թոքային հիվանդությունները, արգանդի արտանկվածությունը բուժելու, որովայնի վքնածությունը վերացնելու համար։ Նշվել է նաև եղինջի օգտակարությունը ջրգողության և մաշկային խոցերի դեպքում։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ բույսի հյութը, գարեջրի հետ խառնած, օգտագործում են հազն ու ատամնացավը հանգստացնելու, խորխը արտազատելու նպատակով։
Գիտականորեն հիմնավորված է, որ դեղաբույսի մեջ պարունակվող քլորոֆիլն օժտված է օրգանիզմը տոնուսավորող և խթանող հատկություններով։ Այն ակտիվացնում է հիմնական նյութափոխանակությունը, արգանդի, աղիքների, սիրտանոթային համակարգի և շնչառական կենտրոնի տոնուսը։
Տերևներից եփուկ պատրաստելու համար 15 գ հումքը 200 մլ ջրի մեջ եփում են 10 րոպե, ըմպում 1-ական ճաշի գդալ օրական 3 անգամ։ Արմատից ու սերմերից եփուկ պատրաստելու համար հավասար չափերով խառնած հումքից վերցնում են 15 գ, 20 րոպե եռացնում 200 մլ ջրում, քամում, հովացնում ու ըմպում միանվագ 2-3 ճաշի գդալ։ Թարախակալած վերքին դնում են տերևահյութով թրջած լաթ, կամ տերևափոշին անմիջապես ցանում են վերքի վրա։
Երբ եղնջահյութով թրջած վիրակապը դնում են արյունահոսող վերքի վրա, արյունահոսությունը դադարում է։ Գլխի մազաթափության, թեփոտման և ճարպարտադրության ժամանակ շաբաթը 3 անգամ գլուխը լվանում են հավամրգու, գայլուկի կոների, կռատուկի և եղինջի արմատների թունդ եփուկով։ Մազաթափության դեպքում 100 գ տերևը լցնում են 0,5 լ ջրի և 0,5 լ քացախի խառնուրդի մեջ, եփում 30 րոպե, ապա քնելուց առաջ դրանով լվանում գլուխը։
Հոդացավերի ժամանակ եղինջով խայթում են մարմնի ցավոտ մասերը։ Եղինջի եփուկի պարբերաբար օգտագործումը զգալիորեն բարելավում է շաքարախտով հիվանդների վիճակը։ Նրա մատղաշ ընձյուղներից ու տերևներից վաղ գարնանը պատրաստում են ապուր, տերևները թթու են դնում։ Կովկասում եղինջն օգտագործում են որպես համեմունք։
Բույսը սննդարարությամբ չի զիջում լոբազգիներին։ Թարմ ընձյուղներն ուտում են նաև դրանց վրա աղ լցնելուց ու թեթևակի տրորելուց հետո։ Ցողուններից պատրաստում են բարձրորակ թել, թուղթ և պարան, տերևներից կանաչ, իսկ կոճղարմատից` դեղին ներկ։