Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 12-ին գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 21։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 36-ամյա տղամարդը ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել և հայտնել է, որ ապրիլ ամսվա կեսերից մինչև մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում Արտաշատ քաղաքի շենքերից մեկում գտնվող իր բնակարանի ննջասենյակի պահարանում եղած «Նաղաշի լավաշ» նկարազարդ տուփի միջից գողացել են 1.200.000 դրամ գումար, 3.200 ԱՄՆ դոլար, 20.000 ՌԴ ռուբլի և մի քանի կտոր տարբեր տեսակի ոսկյա զարդեր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում նույն օրը ոստիկանության Արտաշատի բաժին է հրավիրվել դիմումատուի 29-ամյա կինը, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ նշված գումարները ինքն է առանց որևէ մեկի տեղյակ պահելու վերցրել, իսկ ոսկյա զարդերը ինքն է գրավադրել տարբեր բանկերում, որից ստացված գումարները նույնպես ծախսել է իր անձնական օգտագործման և խաղադրույքներ կատարելու համար:
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։