Սատանի կամուրջը բնական կամուրջ է Որոտան գետի կիրճում, Տաթև գյուցի մոտակայքում: Գոյացել է շրջակայքի հանքային աղբյուրների կրաքարային նստվածքներից՝ տրավերտիններից:
Շրջակայքում կան բազմաթիվ հանքային աղբյուրներ, որոնք առաջացրել են շթաքարեր։ Դարեր շարունակ այդ կրաքարային նստվածքները կուտակվելով առաջացրել են կամուրջը։
Սատանի կամրջի անվան հետ կապված տարբեր պատմություններ կան: Շատերը ասում են, որ անունը կապված է կամրջի տակ՝ ջրում խեղդվելու բազմաթիվ դեպքերի հետ:
Ուրիշները կարծում են, որ ավելի քիչ ջուր է մտնում կամրջի տակ, քան դուրս է գալիս, և դա սատանայի գործն է:
Մեկ այլ պատմություն էլ կա․ կամրջի տակ գտնվող բուժիչ հատկություններով օժտված տաք հանքային ջրերը գոյացրել են ջրավազաններ: Հայտնի է, որ դեռ հնագույն ժամանակներում հայ մեծահարուստներն ամռան ամիսներին այցելում էին քարանձավը` բուժիչ լոգանք ընդունելու:
Տեղի բնակիչները չկարողանալով բացատրել երկրաբանական այդ գործընթացները, այն համարել են սատանայի գործ, իսկ կամուրջը՝ «Սատանայի կամուրջ»։