Ես ինչ հիշում եմ միշտ բոլորը տատիիս ու պապիիս էին օրինակ բերում, որպես լավ զույգ, որ անկախ տարիքից իրար համար ամեն ինչի պատրաստ են ու շատ սիրում ու հարգում են իրար: Հիշում եմ նույնիսկ կենացների ժամանակ իրանց էին օրինակ բերում ու ասում՝ Արուսի ու Սուրիկի կեսի կեսի չափ էլ իրար սիրեք ու հարգեք հաջող ընտանիք կունենաք:
Պապիս խիստ մարդ ա, մենք թոռներով վախենում էինք իրա ներկայությամբ խաղալ ու բարձր խոսել, որովհետև գիտեինք կջղայնանա, բայց այ եթե տատին էլ էր ներկա նույն սենյակում հանգիստ էինք, որովհետև գիտեինք, որ իրանք իրար հետ կնստեն կզրուցեն, հաղորդում կնայեն էլ մեզ բանի տեղ չեն դնի: Չնայած էտ խստությանը տատիս երբեք չի նեղվել ու քաշվել պապիից: Տատիս շատ հավատքով կին ա: Հիշում եմ միշտ մեր ձեռքից էլ բռնում էր գնում էինք մեր հայ առաքելական եկեղեցին ու պատարագներ լսում: Շատ հանդարտ ու խաղաղ կին ա տատիս:
Հիմա արդեն մեծ եմ, ու մի անգամ տատիին ասեցի՝ ոնցա՞ եղել, որ մինչև հիմա դուք տենց սիրում եք իրար, բայց սաղ ընկերուհիներդ ու հարևաններդ իրանց ամուսիններից դոշ են թափ տալիս: Տատիս ասեց, բալես մենք էլ սաղի պես ենք եղել, ուղղակի երբ որ մեր տունը ինչ-որ վեճ էր լինում ու պապիդ ջղայնացած մի ավել բան էր ասում, ես միանգամից չէի ջղայնանում ու իրան պատասխանում, ոչ էլ վիրավորվում էի: Որովհետև գիտեի, որ բարկացած ա պապիդ դրա համարա տենց բաներ ասում: Էտ պահին մտքումս ասում էի՝ Աստված ջան, թող խաղաղվի ամուսինս ու առողջությունը չվնասի ջղայնանալով: Պապիդ էլ տեսնում էր, որ ես չեմ բղավում նույն ձև, չեմ հակաճառում իրան հանդարտվում էր ու մի բան էլ ներողություն էր խնդրում: Նենց որ, ապագայում իմացի, որ միշտ պիտի գիտակցես, երբ լռես, երբ խոսես: