Estet-portal.com-ը գրում է, որ բանանն առանձնանում է ոչ միայն համով, այլև բազմաթիվ օգտակար հատկություններով։ Այն հարուստ է վիտամիններով ու հանքանյութերով, հեշտությամբ յուրացվում է։ Կայքը ներկայացրել է բանանի օգտակար ու վնասակար հատկությունները. վերջիններս, իհարկե, բավական քիչ են։
Ինչ օգտակար նյութեր է պարունակում բանանը։ Բանանի քիմիական բաղադրությունն առանձնանում է հավասարակշռվածությամբ։ Պատահական չէ, որ դիետոլոգները խորհուրդ են տալիս բանան ուտել, եթե այդ պահին սննդի ընդունման համար ժամանակ չունեք։ Բանանն օրգանիզմին անհրաժեշտ մի խումբ նյութեր է պարունակում, այդ թվում.
• A, B12, B3, B5, B6, C, E, K վիտամիններ,
• միկրոէլեմենտներ և հանքանյութեր՝ մագնեզիում, մանգան, կալիում, տրիպտոֆան, նատրիում, սելեն, պղինձ, ցինկ, երկաթ, ֆոսֆոր,
• թթուներ,
• բնական շաքար։
Բանանը նաև սպիտակուցներ ու ճարպեր է պարունակում, որոնց քանակը չի գերազանցում 1 գրամը։
• Ամրացնում է սիտ-անոթային համակարգը, նվազեցնում սրտի իշեմիկ հիվանդության առաջացման հավանականությունը՝ կալիումի ու մագնեզիումի պարունակության շնորհիվ։
• Իջեցնում է արյան ճնշումը։ Դրան նպաստում են միկրոէլեմենտները՝ 422 մգ կալիում։
• Կարող է օգտագործվել աթերոսկլերոզի կանխարգելման նպատակով։ Բանանը մեծ քանակով պեկտին է պարունակում, որն իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ինչն օգնում է խուսափել աթերոսկլերոզի առաջացումից։
• Նպաստում է առողջ քնին։ Քնաբեր միջոցները փոխարինեք բանանով, կաթով պատրաստված կոկտեյլով։ Բանանը տրիպտոֆան է պարունակում՝ ամինաթթու, որից սերոտոնին է կազմվում։ Վերջինս կարևոր է ոչ միայն լավ տրամադրության, այլև առողջ քնի համար։
• Լավացնում է հիշողությունը, կենտրոնանալու կարողությունը։ Կալիումը շատ կարևոր է ուղեղի աշխատանքի համար։
• Վերականգնում է օրգանիզմում pH-ի մակարդակը։ Ավելորդ թթուները չեզոքացնելու համար օրգանիզմին հարկավոր են միկրոէլեմենտներ, որոնք նա վերցնում է ոսկորներից ու մկանային զանգվածից, ինչն այնքան էլ լավ չէ օրգանիզմի համար։ Բանանը մեծ քանակով կալցիում, կալիում և մագնեզիում է պարունակում, որոնք օգնում են առանց ոսկորներին ու մկաններին վնասելու՝ լուծել pH-ի հետ կապված խնդիրները։
• Օգտակար է դիարեայի և փորկապության դեպքում։ Զարմանալի է, բայց միևնույն միրգը կարող է օգտակար լինել հակադիր երևույթների՝ դիարեայի և փորկապության առկայության դեպքում։ Միայն հիշեք, որ դիարեայի դեպքում հարկավոր է քիչ հասած, կանաչ բանան օգտագործել, փորկապության դեպքում՝ հակառակը։
• Օրգանիզմին օգնում է վերականգնվել։ Բանանը ոչ միայն էներգիայի աղբյուր է, այլև մեծ քանակով վիտամիններ է պարունակում, որոնք հարկավոր են բոլոր նրանց, ում հարկավոր է ապաքինվել հիվանդությունից հետո։
• Արագորեն վերականգնում է ուժերը ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո։ Բնական շաքարը մկանների համար նման է էներգիայի ներարկման։
• Բանանն օգտակար է այրոցի, խոցերի դեպքում։ Հասած բանանը հրաշալի միջոց է այրոցի դեմ, իսկ քիչ հասած բանանը կարող է օգտագործվել՝ որպես խոցային հիվանդությունների պրոֆիլակտիկ միջոց։
• Նոր բջիջների կազմավորում։ Վիտամին B6-ը մասնակցում է ինսուլինի, հեմոգլոբինի, ճարպաթթուների արտադրությանը, որոնք նպաստում են նոր բջիջների ձևավորմանը։ Բացի այդ՝ վիտամին B6-ը մասնակցում է հակամարմինների սինթեզին, որոնք օգնում են պայքարել վարակների դեմ։
• Չեզոքացնում են ազատ ռադիկալները։ Վիտամին C-ն «ոչնչացնում է» ազատ ռադիկալները և խթանում կոլագենի արտադրությունը։
• Պայքար անեմիայի դեմ։ Երկաթը նպաստում է հեմոգլոբինի մակարդակի բարձրացմանը, ինչը նշանակում է, որ օգտակար է անեմիայի դեմ պայքարում։ Վիտամին B6-ը կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ինչը ևս կարևոր է անեմիայի բուժման ընթացքում։
• Հագեցնում է քաղցը։ Նախ հարկավոր է իմանալ, որ բանանը սննդարար է. մեկ բանանը մոտ 160 կիլոկալորիա է պարունակում։ Այդ պատճառով էլ երկու բանանը լիովին բավարար է քաղցը հագեցնելու համար։ Բնական օսլան չի վերածվում գլյուկոզայի։ Այն լցնում է աղիները՝ այդ կերպ երկար ժամանակով հագեցածության զգացում պարգևելով։
• Լավ տրամադրություն, ամուր նյարդային համակարգ։ Մեկ բանանը մոտավորապես 27 մգ մագնեզիում է պարունակում, որը հարկավոր է սերոտոնինի՝ երջանկության հորմոնի սինթեզի համար։ Մագնեզիումի անբավարար քանակի դեպքում առաջանում են անհանգստություն, գրգռվածություն, իսկ դրա մակարդակի լուրջ պակասը կարող է հանգեցնել դեպրեսիայի։ Ամուր նյարդերի համար կարևոր է նաև վիտամին C-ն։
• Ատամների սպիտակեցում։ Բանանի կեղևը հրաշալի միջոց է՝ տան պայմաններում ատամների էմալը սպիտակեցնելու համար։ Բավարար է օրվա ընթացքում 1-2 րոպե ատամները մաքրել բանանի կեղևով։
• Երիկամների առողջություն։ Բանանի օգտագործումը նպաստում է միզուղիների մաքրմանը, երիկամների նորմալ կենսագործունեությանը։
• Դաշտանի ընթացքում առաջացող նշանների թեթևացում։ Այս ընթացքում տեղի է ունենում հորմոնալ խախտում, ինչը նպաստում է անհանգստությանը։ Գրգռվածությունից և նյարդային վիճակից ազատվելու համար կարող եք պարզապես մի քանի բանան օգտագործել։
• Միջոց՝ խումհարի դեմ։ Հասած բանանը կկարգավորի էլեկտրոլիտների մակարդակը։
• Փրկություն «նիկոտինային քաղցից»։ Բանանի դրական ազդեցությունը կարող են զգալ բոլոր նրանք, ովքեր հրաժարվում են ծխախոտից. կալցիումի, մագնեզիումի և վիտամին B6-ի մեծ պարունակությունն օգնում են ազատվել «նիկոտինային քաղցից»։
• Օրգանիզմը մաքրում են տոքսիններից, ծանր մետաղներից։ Սա տեղի է ունենում այն բանի շնորհիվ, որ բանանը մեծ քանակով պեկտին է պարունակում։ Դրանք օգնում են օրգանիզմից դուրս բերել չվերամշակված սնունդը։
• Բանանը հրաշալի սնունդ է բակտերիաների համար, որոնք ապրում են մեր օրգանիզմում։ Այն նյութեր է պարունակում, որոնք արագացնում են նյութափոխանակությունը։
• Ամուր ոսկորներ։ Բանանը մանգան է պարունակում, որը նպաստում է կալցիումի յուրացմանը։ Սա չափազանց կարևոր է հենաշարժողական համակարգի նորմալ աշխատանքի և օստեոպարոզի կանխարգելման համար։
• Ապագա մայրիկների և նրանց փոքրիկների առողջություն։ Ֆոլաթթուն դրական ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա, հանգստացնում այն, թուլացնում։
• Լավ տեսողություն, հարթ մաշկ։ Բետա-կարոտինը կարևոր է տեսողական համակարգի առողջության, ամուր իմունիտետի, նորագոյացությունների կանխարգելման համար։
• Պայքար ծերացման դեմ։ Բանանը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք պայքարում են ազատ ռադիկալների՝ կնճիռների առաջացման մեղավորների դեմ։
• Իմունային համակարգի ամրացում։ Սելենն այն միկրոէլեմենտներից է, որոնք օրգանիզմին հարկավոր են փոքր քանակով, բայց որոնց անբավարար քանակը սպառնում է լուրջ հետևանքների առաջացմամբ։ Սելենը պաշտպանում է իմունային համակարգը, օգնում պայքարել վարակների դեմ, դրական ազդեցություն ունենում սրտի վրա և պաշտպանում աթերոսկլերոզից։
• Առողջ մազեր, եղունգներ, մաշկ։ Բանանը ցինկ է պարունակում, որն օգնում է մաշկային հիվանդությունների բուժմանը, առողջացնում մազերն ու եղունգները։ Այս միկրոէլեմենտը դրական ազդեցություն է ունենում նաև իմունային համակարգի, տեսողության, վահանաձև գեղձի առողջության վրա։
• Պայքար այտուցների դեմ։ Բանանի օգտակարությունը կարող են զգալ բոլոր նրանք, ովքեր հաճախ են այտուցվածություն ունենում, քանի որ այս պտուղն օգնում է օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը։
Ում համար է վնասակար բանանը։ Բանանի օգտագործման հակացուցումներն այնքան էլ շատ չեն։ Այն կարող է վնասել մարդկանց, ովքեր արյան բարձր մակարդելիության հետ կապված խնդիրներ ունեն։ Շատերը բանանն արգելված մթերք են համարում բոլոր նրանց համար, ովքեր տառապում են շաքարային դիաբետով։
Հիշեք, որ բանանի օգտակարությունն ու վնասակարությունը մեծապես կախված են նրանից, թե որքան եք օգտագործում։ Ցերեկային ժամերին մեկ բանան օգտագործելը կարող է միայն դրական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա։ Քանի որ բանանը բավական մեծ կալորիականություն ունի, այն օգտագործելիս զգուշավորություն պետք է ցուցաբերեն բոլոր նրանք, ովքեր պայքարում են ավելորդ քաշի դեմ։