Լոշտակ
Քիմիական բաղադրությունը
Արմատում հայտնաբերված են գլիկոզիդներ, խեժ, ֆիտոստերին, դաբաղանյութեր, եթերայուղ, միզանյութ, խնձորաթթվական աղեր, օսլա։
Նշանակությունը
Դեղաբույս է. արմատները պարունակում են գլիկոզիդներ (բրիոնին, բրիոնիդին, բրիոնոլ, բրիոնիցին), խեժ (որն օժտված է լուծողական հատկությամբ), ֆիտոստերին, ստերոլ, աղանյութեր, կումարիններ, եթերայուղ, միզանյութ, աղեր, օսլա և այլն, սերմերը՝ ալկալոիդներ, չսառչող ճարպայուղ (20-25%), տերևները՝ վիտամիններ C, E, կարոտին (A նախավիտամին)։
Թարմ արմատների թուրմը մտնում է «Ակոֆիտ» պատրաստուկի բաղադրության մեջ, որը կիրառվում է պոդագրայի, ռևմատիզմի, նյարդացավերի ժամանակ։
Ժողովրդական բժշկության մեջ արմատների հյութը, թուրմը, եփուկը, արմատափոշին օգտագործում են տարբեր հիվանդությունների բուժման ժամանակ (որպես միզամուղ, վերքամոքիչ, հակաբորբոքային, ցավամոքիչ, խորխաբեր, արյունահոսությունը դադարեցնող միջոց)։
Սերմերն առաջացնում են լուծ և փսխում, եթերայուղն օժտված է մանրէասպան, արմատների ջրիկ մզվածքը՝ միջատասպան հատկություններով։ Բույսն ամբողջությամբ թունավոր է։