Սիսեռը սննդային մանրաթելեր ու սպիտակուց է պարունակում, օգնում է մկանային զանգված ձեռք բերել, կանխարգելել փորկապությունը:
Սիսեռը ցածր գլիկեմիկ ինդեքս ունի, այն դանդաղ է յուրացվում, այդ պատճառով կարող է օգնել վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը:
Սիսեռը բավական մեծ քանակով սննդային մանրաթելեր է պարունակում, ինչն օգնում է արագացնել նյութափոխանակությունը: Բացի այդ՝ սիսեռում պարունակվող սննդարար նյութերը հեշտությամբ են յուրացվում:
Մանրաթելերն օգնում են նաև օրգանիզմից դուրս բերել տոքսիններն ու նյութափոխանակության արգասիքները, կարգավորել աղիների աշխատանքը: Սիսեռը խորհուրդ է տրվում այն մարդկանց, ովքեր հակված են փորկապության:
Սիսեռը հարուստ է սպիտակուցներով ու ածխաջրերով, ինչպես և բոլոր բակլազգի մշակաբույսերը: Սիսեռը պարբերաբար օգտագործելը նվազեցնում է օգանիզմում խոլեստերինի մակարդակը: Սիսեռի մեջ օրգանիզմին անհրաժեշտ կալիում ու մագնեզիում կա: Իսկ դրա պարունակած կալցիումն ու ֆոսֆորը կամրացնեն ոսկրահյուսվածքը:
Չնայած սիսեռի ցողունն ու տերևները խոհարարական կիրառություն չեն գտել, սակայն պարունակում են խնձորաթթու, որը նույնպես օգտակար է: Սիսեռը հարուստ է B, A, E և C խմբի վիտամիններ, հանքանյութեր: Օգտակար նյութերի պարունակության շնորհիվ սիսեռը երիտասարդացնող և իմունային համակարգը պաշտպանող, սրտային և ուռուցքային հիվանդությունների կանխարգելման հարաշալի միջոց է համարվում:
Սիսեռից պատրաստված սնունդ է առաջարկվում գեր ու շաքարային դիաբետով մարդկանց սննդակարգերի համար: Սննդաբաժնում սիսեռի ամենօրյա կիրառումը կարգավորում է լյարդի, երիկամների գործունեությունը, օրգանիզմը մաքրում թույներից ու խոչընդոտում արյան մեջ խոլեստերինի կուտակումը:
Բացի թվարկվածներից, սիսեռն օգնում է պահպանելու կառուցվածքը, բարձրացնում տրամադրությունը: Դեռևս հնում էին սիսեռը կիրառում որպես մարսողական խնդիրների ու մաշկի դարման: Մատղաշ ցողուններից թրջոցներով բուժում էին վերքերը, իսկ տերևների թուրմը զարմանալի ազդեցություն էր ունենում զույգի սեքսուալ հնարավորությունների վրա:
Անցած դարերում կանայք սիսեռի օգնությամբ ազատվում էին ցավոտ դաշտանից, իսկ կերակրող մայրերը բարելավում էին կաթի որակը: Սակայն անվերապահորեն ասել, որ սիսեռը միայն օգուտ է տալիս, ճիշտ չի լինի:
Կան մարդիկ, որոնք սիսեռը «չեն մարսում»: Ուստի սիսեռով «տարվելուց» առաջ հարկավոր է խորհրդակցել սննդաբան բժշկի հետ:
Իսկ սիսեռից ինչ-որ բան պատրաստելուց առաջ հարկավոր է նախապես թրջել այն սառը ջրում` 8-12 ժամ, ապա լվանալ հոսող ջրով: Իսկ եթե ինչ-որ մեկը զգուշանում է սիսեռ ուտելուց` խուսափելով գազառաջացումից, ապա կարելի է եփի ընթացքում ջրին ուրց կամ կոճապղպեղ ավելացնել:
Սիսեռը կարելի է խաշել ու տապակել, ավելացնել ապուրներին ու բանջարեղենին, մսային կերակրատեսակներին: Նույնիսկ երեխաներին է առաջարկվում սիսեռից խյուսեր օգտագործել` ավելացնելով մրգի կտորներ կամ մեղր: Իսկ գինու քացախով թրջած սիսեռից հրաշալի աղցան է ստացվում: