Եվրոպայի առաջնության ոսկե մեդալն ինձ ավելի մեծ վստահություն տվեց: Ամեն ինչ կանեմ, որ Փարիզից էլ վերադառնամ ոսկե մեդալով:
Այս մասին լրագրողների հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասաց աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը:
Անցած գիշեր աշխարհի չեմպիոնը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի հետ Բուխարեստից վերադարձավ հայրենիք:
Փետրվարի 13-ին Ռումինիայի մայրաքաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը 3-րդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
«Շատ բարդ ստացվեց երրորդ ոսկե մեդալը նվաճել: Բոլորը պատրաստվում են քո դեմ, երբ դու չեմպիոն ես: Մի լավ խոսք կա, ասում են՝ չեմպիոն դառնալը բարդ է, տիտղոս պահպանելն ավելի դժվար: Այս առումով իսկապես բարդ տրվեց երրորդ չեմպիոնությունը՝ համեմատած նախորդ Եվրոպայի առաջնությունների: Իմ մարզիչների շնորհիվ կարողացա ճիշտ գոտեմարտեր անցկացնել եւ հաղթող ճանաչվել:
Բոլոր մրցակիցներիս դեմ նույն տրամադրությամբ եմ պատրաստվում՝ մեկ նպատակով, որ դուրս գամ գորգ միայն հաղթանակի համար: Թուրք Էմրե Բաշարն էլ բացառություն չի այս առումով եւ կարեւոր չի՝ մրցակիցս թուրք է, թե այլ ազգության: Ուղղակի նրա հետ գոտեմարտերս ավելի լավ են ստացվում: Այս եզրափակիչն էլ ավելի հաճելի ստացվեց:
Առջեւում Օլիմպիական խաղերն են: Մեր քաշային կարգում Օլիմպիական խաղերին մասնակցելու է 16 ըմբիշ: Այդ 16-ն էլ ինձ համար լուրջ մրցակիցներ են: Ամեն ինչ կանեմ, որ Փարիզից էլ վերադառնամ ոսկե մեդալով:
Եվրոպայի առաջնությունն այս տարվա առաջին մրցաշարն էր, հաղթանակով մեկնարկեցի: Այս ոսկե մեդալն ինձ ավելի մեծ վստահություն տվեց, որպեսզի կարողանամ ավելի լավ առաջ շարժվել»,- ասաց Մալխաս Ամոյանը:
Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգի եզրափակիչում 7:0 հաշվով հաղթել էր թուրք Յուսուֆ Էմրե Բաշարին: