Քանի՞ մոմ կարելի է վառել եկեղեցում եւ արդյո՞ք ճիշտ է ուրիշի համար մոմ գնելը

– Արդյո՞ք կարևոր է, թե քանի մոմ են վառում եկեղեցում, և որևէ մեկը կարո՞ղ է ինձ համար մոմ գնել:**

– Մոմավառությունը Հայ Առաքելական Եկեղեցու բարեպաշտական սովորույթներից է, որը նաև զոհողության տեսակ է: Երբ եկեղեցուց մոմ են գնում, նախատեսված գումարը եկեղեցու հոգսերի և կարիքների համար է օգտագործվում: Քանակը որևէ նշանակություն չունի:

Եվ մոմ վառելը պետք է զուգորդվի աղոթքով: Իսկ երբ որևէ մեկն ուրիշի համար է մոմ գնում, ապա այդ դեպքում սեփական միջոցներից զոհողություն կատարելու մասին խոսք լինել չի կարող: Մոմավառությունը չպետք է դառնա ինքնանպատակ, որպեսզի մարդը չսահմանափակվի դրանով և համարի, եթե շատ մոմ է վառել, ապա ճշմարիտ քրիստոնյա է:

Ամենակարևորը՝ Եկեղեցի մտնելիս աղոթելն է, որ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է անի, քանի որ Աստծո տունն աղոթքի տուն է:

**Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան**