Բժշկող Ծաղկեվանք կամ «Սուրբ ջուր»․ որտեղ է գտնվում այս խորհրդավոր վայրն ու ինչ հրաշագործ ազդեցություն ունի

Աշտարակից Ապարան տանող ճանապարհին, Արագածոտնի մարզում, Արայի լանջերին է գտնվում Բժշկող Ծաղկեվանք կամ այլ կերպ կոչված կույս Վարվառայի արցունքները։: Քարքարոտ, տեղ-տեղ կիսաքանդ, առանց ցուցանակների և ուղենիշերի ճանապարհ: Միակ ուղեցույցը հեռվից՝ քարայրերի արանքից երևացող սպիտակ դուռն է:
Ավանդազրույցը պատմում է, որ Բռնակալ իշխանը փորձել է ուժով տիրանալ գեղեցկուհի Ծաղիկին։ Ծաղիկն էլ, նրանից փախչելով, թաքնվել է Արայի լեռան քարայրում։

Աղջկան հետապնդող իշխանը լեռան ստորոտում հանդիպել է մի հովվի, որը նրան հայտնել է Ծաղիկի տեղը։ Եվ այդ պահին էլ մատնիչ հովիվն իր ոչխարներով քարացել է։ Իսկ Ծաղիկը, կորցնելով իշխանից ազատվելու հույսը, բարձրացել է ժայռի վրա և ցած նետվել։
Ըստ այս ժողովրդական ավանդազրույցի՝ այդ օրվանից էլ Ծաղիկի թաքստոց դարձած քարայրի առաստաղից սկսել է ջուր հոսել, որն, ըստ հավատացյալների, նահատակ կույսի արցունքներն են։

Ծաղկեվանքի առաստաղից հոսող ջուրը երբեք չի կտրվում։
Մարդիկ այստեղ գալիս են քարանձավի առաստաղից հոսող սուրբ կույսի «արցունքները» հավաքելու ու դրանցով իրենց ցավերը բուժելու հավատով։

Այստեղ ջուրը հավաքելու հարմարանքներ էլ կան: Ասում են՝ այս ջրում առկա ցինկն օգնում է տեսողության, ինչպես նաև հոդերի և մկանների ջղաձգության դեպքում։ Տեղի բնակիչները այն «Սուրբ ջուր» են անվանում: