Օրերս Facebook սոցիալական ցանցի IranTourism էջում հայտնվել է Արևելյան Ատրպատականի Հայ Կաթողիկե եկեղեցու հայտնի լուսանկարը։ Խոսքը V-րդ դարով թվագրվող Սուրբ Հովհաննես եկեղեցու մասին է։ «Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հայ Կաթողիկե եկեղեցին, որը հայտնի է նաև որպես Սոհրեկեհ (Սահրոլ) վանք, կառուցվել է մոտավորապես 5-րդ դարում։ Այն 1968 թվականին ընդգրկվել է ազգային ժառանգության ցանկում», – նշված է հաղորդագրության մեջ:
Սուրբ Հովհաննես եկեղեցու լուսանկարը, որն արել է Ֆարզին Իզադուստ Դարը, հաղթել է «Wiki Loves Monuments-2020» հեղինակավոր լուսանկարչական մրցույթում: Վանքը լուսանկարվել է ձնաբքի հաջորդ օրը։ Ժյուրիի անդամներից մեկին հիացրել է սպիտակ ձյան ֆոնին պատկերված եկեղեցին, այն կարծես սավառնում է «գրավիտացիոն դաշտում»։
Տասնմեկերորդ ամենամյա «Wiki Loves Monuments» ֆոտոմրցույթում ավելի քան 230 հազար հայտերից ընտրվել է 15-ը։ Հայտեր էին ուղարկել գրեթե 7700 մասնակից Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից և այլ երկրներից: