Արցախի նախագահի հարվածը Հայաստանի վարչապետին. ինտրիգ և լռություն

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրապարակել է իր ուղերձի տեքստը, թեև վաղօրոք ազդարարվել էր տեսաուղերձ՝ դեկտեմբերի 16-ի ժամը 12։00-ի համար: Հետո հայտարարվեց, թե տեխնիկական պատճառով տեսաուղերձը կլինի ժամը 14։00-ին: Սակայն դա էլ չեղավ, և հրապարակվեց տեքստային ուղերձ՝ տեսանյութի հետ տեխնիկական խնդիրների պատճառաբանությամբ:

Ինքնին այդ հանգամանքը արդեն իսկ բավականին հարցեր է առաջացնում ուղերձի կապակցությամբ: Սակայն ուղերձն ինքնին առաջացրեց էլ ավելի սուր ինտրիգ:

Մասնավորապես, Արցախի նախագահը հայտարարել էր, որ չնայած Արցախի տարածքային ամբողջության ու անվտանգության երաշխավոր լինելուն՝ ըստ ԱՀ Սահմանադրության, դե ֆակտո բոլորին է հայտնի, որ այդ լիազորությունների մեծ մասը Երևանում է և չկա սահմանադրական պարտավորությունը կատարելու դե ֆակտո բավարար լծակ: Ասել, որ Հարությունյանը սխալվում է, կլինի, իհարկե, սխալ:

Իսկապես, ոչ ոք չի էլ կասկածել, որ Արցախի բանակի կառավարումը Երևանում է: Ընդ որում, դա մի շարք հանգամանքներից բխող, մի շարք իրողություններով պայմանավորված օբյեկտիվ իրավիճակ է:

Ընդ որում, օբյեկտիվը տվյալ պարագայում «ճշտի» հոմանիշը չէ: Բայց, եթե այդ իրավիճակը սխալ է, ապա հարց է առաջանում, թե ինչու այն չի բարձրաձայնվել պատերազմից շատ առաջ, խաղաղության ժամանակաշրջանում: Որովհետև խաղաղության ժամանակաշրջանում գործել է ա՞յլ՝ «թռի վռի մի ճպուռ» սկզբունքը Երևանի և Ստեփանակերտի միջև:

Ընդհանուր առմամբ, պատերազմը ցույց տվեց, որ այդ «սկզբունքն» է խոշոր հաշվով գերիշխել հայկական պետականությունում ավելի քան քառորդ դար, ըստ էության արցախյան առաջին հաղթանակից հետո:

Մյուս կողմից, այստեղ Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան շոշափվող ինտրիգից զատ, երբ տպավորություն է, որ Արցախի նախագահը սկսում է աստիճանաբար տարանջատվել Նիկոլ Փաշինյանից և պատասխանատվությունը թողնել նրա վրա, գոյություն ունի պետական նշանակության հարց: Ցավոք սրտի, թերևս, արդեն ուշացած հարց՝ Հայաստան-Արցախ իրավահարաբերությունների հարցը, որ քառորդ դար մնացել է ըստ էության բարձիթողի:

Ավելին, երբ այսօր ՌԴ նախագահ Պուտինը, Ֆրանսիայի արտգործնախարարը խոսում են, որ Հայաստանն անգամ չի ճանաչել Արցախը, ըստ էության մատնացույց են անում հենց այդ հանգամանքը, որ առ այսօր Հայաստանն անգամ չի կողմնորոշվել Արցախի հետ հարաբերությունում իրավունքի ձևի և շրջանակի հարցում:

Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանն այսօր կլուծեն իրենց հարցերը, երեկ իրենց հարցերը լուծել են Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը, դրանից առաջ՝ Արկադի Ղուկասյանն ու Ռոբերտ Քոչարյանը, դրանից առաջ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը, Սամվել Բաբայանը:

Բոլորը լուծել են իրենց հարցերը, իսկ Հայաստան-Արցախ իրավահարաբերության հարցը մնացել է չլուծված, առաջ բերելով թե՛ հայկական իրավունքների վակուում միջազգային ասպարեզում, որից օգտվել է Բաքուն իր «պատերազմի իրավունքը» առաջ մղելու հարցում և թե՛ գեներացնելով կառավարման խնդիրներ պատերազմական ժամանակների համար:

Կփոխվի՞ որևէ բան այժմ: Կփոխվի հաստատ, ամբողջ հարցն այն է, թե այդ փոփոխության առանցքում լինելու է Հայաստան-Արցա՞խ, թե՞ Ռուսաստան-Արցախ ձևաչափը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Արցախի նախագահի հարվածը Հայաստանի վարչապետին. ինտրիգ և լռություն
error: Content is protected !!